Գավառի օրինակով ներկայացվել են Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշումների քարտեզները

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում» խորագրով աշխատարանը, որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներքո:

Աշխատարանին միացել էին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանից, Գավառ խոշորացված համայնքի 15 բնակավայրերից, ինչպես նաև որոշումներ կայացնողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց ներդրումն ունեցան ավարտական արդյունքի ամբողջացման աշխատանքում:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետազոտական թիմի կողմից պատրաստված արբանյակային նկարի վրա հիմնված հողի ծածկույթի և թեժ կետերի քարտեզները: Աշխատաժողովից հետո մասնակցային մեթոդով կանցկացվի գործնական աշխատանք, որի ժամանակ Գավառ համայնքի ներկայացուցիչները քարտեզագրական նյութերը կստուգեն, կվավերացնեն, կկատարեն ավելացումներ, առաջարկներ:

EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող այս  գործողության նպատակն է ձեռք բերել հողածածկույթի բնութագրերի և մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա մարդածին ճնշումների վերաբերյալ տարածական տվյալներ: Գործողության նպատակն է Սևանա լճի ավազանում սոցիալական, տնտեսական և բնապահպանական ասպեկտների միջև փոխազդեցություններն ավելի լավ հասկանալը։ Այս տվյալները կաջակցեն EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների, ինչպես նաև Սևանի ջրավազանային կառավարման պլանով սահմանված միջոցառումների առավել արդյունավետ պլանավորմանն ու իրագործմանը։

Աշխատարանն ամփոփվեց հարց ու պատասխաններով, ինչպես նաև առաջիկա քայլերի և համագործակցության ուղիների վերաբերյալ խմբային քննարկումով:

EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից: