Հայաստանն ուրիշ էր Սարգսյանի օրոք. մշակույթն էլ իր նյութական և ոչ նյութական ժառանգությամբ, իր ազգային արժեքներով անտեր չէր

ՀՀԿ մշակույթի հանձնաժողովի նախագահ, երգահան Աննա Հովները ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած մշակութային քաղաքականությունը բարձր մակարդակ ուներ: Նախագահը մշակույթի ոլորտին շատ մեծ ուշադրություն էր դարձնում: Բացի այն փաստից, որ հենց իր օրոք կառուցվում և վերանորոգվում էին բազմաթիվ մշակութային տներ շրջաններում, թանգարաններ, համերգային դահլիճներ, անցկացվում էին միջազգային մասշտաբի տարբեր փառատոններ` առանձին ուշադրություն էր դարձվում միջազգային կառույցների հետ համագործակցությանն, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, երբ ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկվեցին 5 մշակութային տարրեր. դուդուկը, խաչքարը, լավաշը, «Սասունցի Դավիթ» էպոսն ու «Քոչարի» պարը: Իսկ 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Հայաստանն ուրիշ էր Սարգսյանի օրոք. մակարդակ կար: Մշակույթն էլ իր նյութական և ոչ նյութական ժառանգությամբ, իր ազգային արժեքներով անտեր չէր: Անտեր չէր նաև երկիրը:

Իսկ հիմա՞:

Որքա՞ն «տաղանդաշատ» պետք է լինես, որ ընդամենը 4 տարում կարողանաս քանդել յուրաքանչյուր ոլորտ և անտերության մատնես կարևորներից մեկը` մշակույթը:

Մատների վրա կարող եմ թվարկել այն երաժիշտներին, դերասաններին, երգիչներին, ովքեր այսօր չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը: Մնացածները լռում են. կամ անտարբերությունից կամ վախից: Մեկը լիներ հարցներ ինչի՞ց եք վախենում կամ ու՞մից:

Բա Սարգսյանի օրոք տենց բան կա՞ր: Մեկը հանրապետական էր, մյուսը` դաշնակցական, այն մյուսն անկուսակցական, և ի՞նչ: Մեկն ու մեկն ընտրում էր, թե որ համերգին կամ ում հարսանիքին երգել, թե ո՞չ:

Ասեմ ավելին. իրենցից շատերը նույնիսկ մասնակցում էին տարբեր միտինգներին Սարգսյանի դեմ. իշխող նախագահի դեմ:

Մենք գնահատել չգիտենք, մենք մեր լավն ու վատը տարբերել չգիտենք: Մենք մեր լավն ու վատը կշռադատել չգիտենք»: