«Սուրմալու»-ի պայթյունի քրեական վարույթով հարցաքննվել է 110 անձ, տուժող է ճանաչվել 85-ը. ՔԿ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցած ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 110 անձ։ Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեն։

Տեղեկացանք, որ հարցաքննվածների մեջ են Տեսչական մարմնից պաշտոնատար 3 անձ, ինչպես նաև Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի պետը։

Վարույթով որպես տուժող է ճանաչվել 85 անձ, որոնցից 55-ը մարմնական վնասվածքներ ստացածներն են, 25-ը՝ ֆինանսական։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։

Ողբերգական պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվածները «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը և պահեստը շահագործող երեք անձինք էին։ ՓԲԸ փոխտնօրենին և վարձակալին մեղադրանքը առաջադրվել է ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ պահեստը շահագործող անձանց՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով։ 4 մեղադրյալներից 3-ը կալանավորվել են, ազատ է արձակվել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենը։