Բացահայտվել է խարդախությամբ զորակոչիկին պարտադիր զինծառայությունից ազատելու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ. Ս.-ն, խարդախության եղանակով ուրիշի գումարը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, զորակոչիկ Հ. Մ.-ին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով փորձել է վերջինիս հորից՝ Գ. Մ.-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար:

Մասնավորապես` Թ. Ս.-ն Գ. Մ.-ին վստահեցրել է, որ իր ծանոթ պաշտոնյաների հետ ունեցած կապերն օգտագործելով կարող է վերջինիս որդուն որևէ կեղծ ախտորոշմամբ ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, որի համար նրանից պահանջել է 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար` հիշյալ պաշտոնյաներին որպես կաշառք տալու պատրվակով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Մ.-ն Թ. Ս.-ին տվել է պահանջված կաշառքի գումարից 950.380 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած` 1.425.570 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է տալ ծառայությունից որդու ազատվելուց հետո:

Սակայն Հ. Մ.-ն բժշկական զորակոչային հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել բանակ: Արդյունքում Գ. Մ.-ն Թ. Ս.-ին չի տվել կաշառքի գումարի մնացած մասը:

Թ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: