Ավինյանը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին էր քարոզչություն անում, բայց Հաղթանակ թաղամասում կարող էր փիառվել․ բնակիչները փողոց փակեցին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»:

Բնակիչները պահանջում են, որ քաղաքապետարանի պաշտոնյաները դուրս գան ու պատասխանեն իրենց մտահոգող հարցերին։

«Եթե նիստ ունեք, ընդհատեք ձեր նիստը, որովհետև մեր վիճակն օրհասական է։ Խնդրում և պահանջում ենք ձեզ հետ հանդիպում, իջեք ներքև: Էս մարդկանցից քաղաքական անհնազանդներ մի սարքեք, որովհետև մենք կուսակցական չենք, մենք ՀՀ հպարտ քաղաքացիներն ենք և բոլորն այստեղ վարչապետներ են, իջեք ներքև»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ բնակիչ մանրամասնեց՝ քաղաքային իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները, ինչի հետևանքով էլ չեն կարողանում վերանորոգել կաթող տանիքը։

«Երեք տարի մենք գնում ենք թաղապետարան-քաղաքապետարան-կադաստր, ինչ պահանջել են, բերել ենք, փաստաթղթերի բնօրինակներն ու պատճենները, ամեն բան իրենց մոտ է, բայց խնդրին պատասխան չեն տալիս։ Նույնիսկ փաստաբան եմ վարձել, իր հարցերին էլ չեն պատասխանում, քաղաքապետարանից ասում են՝ գնացեք թաղապետարան, թաղապետարանից՝ քաղաքապետարան։ Թաղամասի բնակիչ ենք երկար տարիներ, չենք կարողանում մեզ պատկանող հողամասը, տունը սեփականաշնորհել։ Հիմա ուզում ենք տանիքը քանդենք, հենց քանդենք, հինգ չէ, հազար հոգով կգան մեր գլխին կլցվեն»,-ասաց բնակիչներից մեկը։

Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:

«Այս իշխանությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն։ ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին քարոզչություն էր իրականացնում։ Բայց քարոզչության լավ տեղ ուներ, Հաղթանակ թաղամասում կարող էր գալ, փիարվել»,-ասաց նույն թաղամասի բնակիչ Գեղամ Վլասյանը։