Հունաստանը փորձել է կանգնեցնել ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող թուրքական ինքնաթիռը

Հունաստանի ռազմաօդային ուժերը փորձել են կանգնեցնել թուրքական ծովային պարեկային ինքնաթիռը, որը առաջադրանք էր իրականացնում ՆԱՏՕ-ի գործողության շրջանակներում, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրներին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ «Հունաստանը կտրուկ ավելացրել է իր ագրեսիվ պահվածքը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում», Թուրքիայի օդային տարածքի և տարածքային ջրերի խախտումների թիվը նախորդ տարվա 1123-ից այս տարի ութ ամսում աճել է մինչև 1616-ի։ Օգոստոսի 15-ից ի վեր գրանցվել է 14 միջադեպ, երբ հույն օդաչուները հետապնդել են պարեկային թուրքական ինքնաթիռներին։

Գործակալության տվյալներով՝ վերջին նման միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին՝ Հռոդոս կղզու վրա։

«Հունաստանի ռազմաօդային ուժերը փորձել են կալանավորել թուրքական ծովային պարեկային ինքնաթիռը, որը առաքելություն էր իրականացնում ՆԱՏՕ-ի «Ծովային գվարդիայի» առաքելության շրջանակներում՝ Միջերկրական ծովում անվտանգություն ապահովելու նպատակով: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ինքնաթիռը զինված չի եղել: Գերատեսչությունում հայտնել են, որ հունական կողմի գործողություններին տրվել է համարժեք պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ.

Լարվածության նոր փուլը սկսվել է օգոստոսի 23-ին, երբ, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, Հունաստանը տեղակայել է ռուսական արտադրության С-300 ՀՕՊ համակարգեր՝ թուրքական F-16-ները գրավելու և ուղեկցելու համար։ Աթենքը հերքում է։