Իջևան քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են

Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Սեպտեմբերի 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: