ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ներողությո՞ւն է խնդրել Ադրբեջանից. 168.am
Երեկ` Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձի օրը, Արցախից լուսանկարներ հրապարակեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սեպտեմբերի 2-ին այցելել եմ Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին»,-գրել է նա՝ ֆեյսբուքում հրապարակելով լուսանկարը:
Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես արձագանքեց այդ այցին` խիստ դատապարտելով այն։
168.am-ի տեղեկություններով ` Արմեն Գրիգորյանին այնքան է սարսափեցրել Ադրբեջանի արձագանքն իր այցին, որ վերջինս շտապել է ներքին խողովակներով (փակ «կանալներով») ներողություն խնդրել ադրբեջանական կողմից ու արդարանալ Արցախ կատարած իր այցի համար։
Արմեն Գրիգորյանը պատճառաբանել է, թե ինքը ծնունդով արցախցի է, և իր Արցախ այցը ոչ թե քաղաքական, այլ անձնական նպատակներ է ունեցել` այցելություն հայրական տուն և հոր շիրիմին։ Այսինքն արդարացել է` ինքը ոչ թե որպես պետական այր է գնացել Արցախ, այլ որպես սովորական արցախցի և չէր կարող չայցելել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն։ Իսկ դե քանի որ այնտեղ է եղել, չէր կարող որևէ լուսանկար չհրապարակել։
Եվ իրականում Արմեն Գրիգորյանն իր այդ լուսանկարը հրապարակելիս որևէ կերպ չի անդրադարձել Արցախի անկախության օրվան, թեպետ հենց երեկ է այն հրապարակել, միայն նշել է, որ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին:
Բացի այդ, այդ լուսանկարում Արմեն Գրիգորյանին Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ չի ուղեկցում։