ՄԱԿ-ն ակտիվ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Լավրովի պատվիրակության համար վիզաների հարցով

ՄԱԿ-ն ակտիվ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության համար մուտքի արտոնագրերի հարցով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել են համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից։
Խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանին  արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մասնակցության մասին է։

«ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք միջոցառումների պատվիրակությունների համար վիզաների հարցերով մենք ակտիվորեն համագործակցում ենք ԱՄՆ առաքելության հետ և կապի մեջ ենք ԱՄՆ առաքելության հետ կոնկրետ դեպքերով», – ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը  նամակ էր հղել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, նշելով․  «Սեպտեմբերի 1-ի դրությամբ հիմնական թիմի և նախնական թիմի 56 անդամներից և ոչ ոք մուտքի վիզա չէր ստացել Միացյալ Նահանգներ: Նման իրավիճակ է մեր նախարարի թռիչքն ուղեկցող լրագրողների և անձնակազմի անդամների հետ»։

Նա խնդրել է, որ ԱՄՆ իշխանություններին կոչ անեն, որ վիզաներ տրամադրեն ռուս պատվիրակներին և ուղեկցող անձանց, այդ թվում՝ ռուս լրագրողներին, որոնք պետք է Նյու Յորքում լուսաբանեն ՌԴ արտգործնախարարի այցը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը և ներառում է բոլոր պատվիրակությունների լիաժամկետ մասնակցությունը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին։