Ինչու են նոր այլընտրանքային ժամանակավոր երթուղով երբեմն ադրբեջանական մեքենաներ անցնում. Արցախի ԱԽ գրասենյակի պարզաբանումը․ News.am

Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրաապետության հետ կապող միջանցքով անցնող նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված և նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաև Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի  գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1–ին NEWS.am–ի նկարահանող խումբը Հայաստանից Արցախ գալիս ֆիքսել է, որ նոր այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով նաև ադրբեջանական մեքենաներ են անցնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ից Հայաստանից Արցախ երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով։ Ժամանակավոր ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է։ Այստեղ, սակայն, շինարարական աշխատանքները շարունակվում են, կառուցվում է նաև Սուս և Աղավնո գյուղերն իրար կապող ճանապարհ։ Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը։ Նշենք, որ Ադրբեջանի՝ ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 մետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջի շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը:

Նոր հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Հայկական կողմը շինարարությունը սկսել է օգոստոսից։ Շինարարությունը կավարտվի հաջորդ գարնանը։