Ադրբեջանցիները հրդեհել են Նորաբակի սարերը. հրդեհն ամբողջությամբ մարել չի հաջողվում․ վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը մինչև հիմա ամբողջությամբ չի մարվել․ երեկվանից սկսած՝ մոտավորապես 100 հա խոտածածկ տարածք է վառվել։ Այդ մասին պատմել է Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։

«Հրդեհը բռնկվել է ադրբեջանցիների դիրքերի մոտից՝ երեկ, ժամը 12-ի կողմերը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են անիվները վառում ու գլորում ձորը։ Ուղղակի քամին հակառակ ուղղությամբ էր փչում, ու կրակը տարել է հիմնականում դեպի այն կողմը, որը հիմա թշնամու վերահսկողության տակ է։ Այսինքն՝ հանգցնելու հնարավորություն չկա․ քամին մեկ էս կողմ է բերում կրակը, մեկ՝ էն կողմ»,-ասաց Ասատրյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ այդ հատվածին կից խոտհարքերից չեն հասցրել խոտն ամբողջությամբ քաղել և, եթե կրակը հասնի այնտեղ, ապա, գյուղացիները այդ խոտից էլ կզրկվեն։

Հիշեցնենք, որ երեկ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիս քաղաքի մոտակա սարում հրդեհ է բռնկվել պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում։ Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվում է՝ հրդեհը եղել է կազմակերպված ադրբեջանցիների կողմից։