Քանդելն է՛լ ուրիշ ո՞նց է լինում

Մարդիկ կարող են ժամերով վիճել, թե ով «քանդեց Հայաստանը»՝ Սերժը, Քոչարյանը, ԼՏՊ-ն, թե, ասենք՝ Պոլոզ Մուկուչը, բայց մտքներով չի անցնի, օրինակ՝ հաշվել, թե ընդամենը 4,5 տարվա ընթացքում մեկ մարդու պատճառով քանի անգամ փոխվեց ՀՀ կառավարությունը։

Նույնիսկ կովիդի ու պատերազմի ճգնաժամերը եթե մի կողմ դնենք…

2018-ի ապրիլի մայիսի հեղաշրջումը, հետո 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները (ու դրանից հետո 40 օր կառավարություն չնշանակելը), մի հատ էլ 2021-ի հունիսի արտահերթ ընտրությունները (ու էլի 40+ օր կառավարություն չէր նշանակում)։

Եթե արտահերթ ընտրությունների ստեղծած քաոսն էլ չհաշվենք, դրանցից դուրս հիշենք նախարարությունների միավորումը, մարդկանց ամիսներով (ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարներին՝ 6-ական ամիս) ու տարիներով (ԵՊՀ ռեկտոր) ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով պահելը կամ 5 ամիս ԳՇ պետ, իսկ 1,5 տարի (!!!) էլ ռազմարդյունաբերության ղեկավար չնշանակելը, եղած պաշտոններում էլ կադրային հավալա (кадровая чехарда) կազմակերպելը, որ մի քանի ամիսը մեկ պաշտոնյա են փոխում։

Այսինքն անընդհատ ճգնաժամեր, ցնցումներ, պետությունը «պաուզայի» վրա դնել՝ ամենաբարձր մակարդակից մինչև գյուղապետարաններ։

Այսպիսի ռեժիմի ո՞ր պետական համակարգը կարող է դիմանալ։ Քանդելն է՛լ ուրիշ ո՞նց է լինում։

Պատկերացրեք, որ ձեզ տարին մի քանի անգամ այնպես ծեծեն, որ ամեն անգամ ընկնեք հիվանդանոց։ Ինչքա՞ն արդյունավետ եք աշխատելու այդպիսի վիճակում։

Պատկերացնո՞ւմ եք պետական համակարգի այս հատուկ ստեղծվող քաոսը ինչպես է անդրադառնում նաև բիզնեսների վրա (օրինակ՝ մարդիկ պետական պաշտոնյաների հետ ամիսներով ինչ-որ նախագծեր են քննարկում, բանակցում, մեկ էլ հո՛պ, պաշտոնյան փոխվում է)։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից