2021 թ. կառուցված և հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը կրկին կհիմնանորոգվի

«Որոշման նախագծով հատկացվող գումարը 580 մլն դրամ է որից 549 մլն դրամը շինարարության համար է, մնացած մասը՝ տեխնիկական, հեղինակային հսկողության և փորձաքննության»,-ճանապարհաշինության համար հերթական բյուջետային հատկացման նախագիծը զեկուցելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ 7 օբյեկտի համար է գումար հատկացնում, որոնցից մեկում՝ Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամրջի համար ընկերությունն աշխատանքները չէր արել և նախարարությունը ստիպված է եղել պայմանագիրը խզել և նոր մրցույթ հայտարարել:

Սանոսյանը նշեց, որ գումար է հատկացվելու նաև Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19,5 կմ-ի հիմնանորոգման համար, բայց այդտեղ ևս մեկ հատվածն էլ պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել:

«Հատվածում խնդիրներ ունենք, հիմնանորոգման կարիք կա, գերբեռնված մեքենաները վնասում են այլ հատվածներ նույնպես՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի տուրիստական մեծ դերը: Թեև մենք կունենանք Տաթև-Լծեն ճանապարհ, բայց այս ճանապարհը կհիմնանորոգենք, որպեսզի և՛ տուրիստական, և՛ այլ նպատակներով ծառայի»,-հայտարարեց ՏԿԵ նախարարը: