Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել

Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաեւ Եվրամիության հարաբերությունները երկու երկրների հետ։

«Մեր քննարկումները եղել են բաց եւ արդյունավետ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում երկու առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Հաճելի է տեսնել, որ բավականին քայլեր են կատարվել մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են առարկայական ջանքեր գործադրել երկու երկրների միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջ շարժվելու համար։  Ըստ նրա՝ առաջնորդները հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել պայմանագրի տեքստի նախագծի վրա աշխատելու նպատակով։