Եվրոպային հաջողվել է գազապահեստարանները լցնել 80 տոկոսով
Եվրոպական երկրներին հաջողվել է մինչև ձմեռ 80 տոկոսով լցնել իրենց ստորգետնյա գազապահեստարանները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Gas Infrastructure Europe (GIE) ընկերության տվյալները։
Գործակալության տվյալներով՝ Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարները մոտ 86.1 միլիարդ խորանարդ մետր կամ 80.17 տոկոս են կազմում, ինչը 0.6 տոկոսով ավել է օգոստոսի 29-ի դրությամբ վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից։ Օրինակ՝ 2021-ին ստորգետնյա գազապահեստարանները հոկտեմբերի 21-ի դրությամբ լցված էին 77.28 տոկոսով։
«Պահեստարանների համալրման ամենաբարձր մակարդակն այժմ նկատվում է Պորտուգալիայում և Լեհաստանում (պաշարների մակարդակը համապատասխանաբար 100 և 99.54 տոկոս): Պաշարներով առաջատարների թվում են նաև Ֆրանսիան (91.54 տոկոս), Շվեդիան (90.8 տոկոս) և Դանիան (89.12 տոկոս)։ Գերմանիայում օբյեկտները լցված են 83.65 տոկոսով, Իտալիայում՝ 81.93 տոկոսով, Իսպանիայում՝ 84.37 տոկոսով, Նիդեռլանդներում՝ 77.03 տոկոսով, Չեխիայում՝ 82.03 տոկոսով, Բելգիայում՝ 88.47 տոկոսով, Սլովակիայում՝ 79.38 տոկոսով, ասվում է հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ գազի պահեստարանները լցվում են բարձր տեմպերով` Ռուսաստանից մատակարարումների կրճատման ֆոնին հեղուկացված բնական գազի գնման պատճառով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարումը երեք օրով դադարեցվել է «Պորտովայա» կոմպրեսորային կայանում միակ մնացած գազամղիչ ագրեգատի վերանորոգումը սկսելու պատճառով։