ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել:

«Արցախպրես» հարցին ի պատասխան այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ:

Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Լ. Ավանեսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։