Բերձորն օկուպացնելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կսանձազերծեն պատերազմ Սյունիքի համար (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն է։

*Ինչո՞ւ չկարողացանք համախմբվել ու պահել մեր հայրենի բնակավայրերը՝ Բերձորը, Աղավնոն, Սուսը։

*Եթե 1000 հոգի հայ ապրեր Բերձորում, ռուս խաղաղապահները դուրս չէին գա Բերձորից։ Դա ճշտել էի նաև ՌԴ քաղաքական և ռազմական ղեկավարությունից։

*Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Արցախի ղեկավարների  հետ, իրենք էլ ասում էին՝ ոչ մի դեպքում չպետք է տանք Բերձորն ու Աղավնոն։

*Հայաստանի քաղաքական իշխանությունը 2021-ին մարդկանց ստիպողաբար հանեց Բերձորից ասելով՝ քաղաքը հանձնվում է։ Իսկ այս ընթացքում որևէ գործուն քայլ չարեց բերձորցիներին Բերձոր վերադարձնելու համար։

*Ասում են, թե ռուս խաղաղապահները ևս նպաստել են, որ Բերձորը հանձնվի։ Բայց բերեմ հետևյալ փաստը․ 2021-ի հունվարին Բերձորում ապրում  էր 34 հոգի, եթե ռուսները խանգարում էին, որ բերձորցիների թիվն ավելանա, ինչպե՞ս եղավ, որ  2021-ի աշնանը, նրանց աչքի առաջ, բերձորցիների թիվը հասավ 270-ի ու դեռ  գնալով ավելանում էր․․․ Ռուսները մեկ պայման էին դրել, ով գալիս է բնակվելու Բերձորում, պետք է հաշվառվի մեզ մոտ, որ մենք իմանանք, թե քանի՞ բնակիչ կա։ Բայց գնաց  հակառուսական քարոզչություն, թե ռուսները տվյալներ են տալիս  ադրբեջանցիներին, որ  մտնեն գյուղ ու սպանեն մարդկանց։ Ռուսներն իմ աչքի լույսը չեն, բայց ես համարում եմ, որ ռուսների հետ պետք է աշխատենք հիմա։

*Ուկրաինայում ամենամեծ քանակի զենք տրամադրում է Թուրքիան, «Բայրաքթար»-ների գործարան են ուզում կառուցել,  ռուսական կողմից  ամենաշատ զոհեր լինում են  հենց թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ- ների հետևանքով, 10 000-ից ավելի թուրք զինվոր է կռվում Ուկրաինայում Ռուսաստանի դեմ։ Սա ռուս- թուրքական եղբայրությո՞ւն է,  թե ռուս-թուրքական հիբրիդային պատերազմ։

*Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով Թուրքիան ներխուժել է Հարավային Կովկաս։ Լավ գիտենք, այլևս գաղտնիք չէ, Փաշինյանը գործարքի գնաց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, հանուն իր այն մտածողության իրականացման, թե մեզ համար առավել կարևոր է դեպի Արևմուտք դուրս գալը, իսկ մեր արևմտյան դարպասը Թուրքիան է, ուրեմն պետք է թուրքերի ու ադրբեջանցիների հետ համագործակցել․․․ և արդյունքում թույլ տվեց, որ Թուրքիան մտնի տարածաշրջան․․․

*Բերձորը կորցնելով՝ չենք կորցնում Արցախը, ամեն ինչ կախված է մեզանից․․․

* Վաղը Բրյուսելում կկայանա եռակողմ հանդիպում, ինչից շատ բան չեմ սպասում։

* Ես վստահ եմ, որ Արցախի ամբողջական հանձնում Ադրբեջանին չի կարող տեղի ունենալ, որովհետև Արցախն աշխարհաքաղաքական շահերի մեջտեղում է և ռուսներն Արցախում են ոչ մեր սիրուն աչքերի համար։ Նրանք Արցախում են իրե՛նց շահերի համար։

*Ես կարծում եմ, որ մենք  կկարողանանք ձևավորել  ազգային իշխանություն, կհասնենք ազգային իրական միասնականության՝ սևեր, սպիտակներ, նիկոլականներ չունենանք մեր ներսում,  ու առաջնորդվելով մեր ազգային ծրագրերով,  ազգային նպատակներով տարիներ անց կկարողանանք հետ բերել մեր կորցրածը։

*Էդգար Ղազարյանին շատ հարգում եմ ու իմ հնարավորությունների սահմաններում իրեն աջակցում եմ։ Միակ դեպքն է, որ ես հրապարակավ, բացահայտ ասում եմ՝ ես կանգնած եմ իր կողքին,  նա ոչ նախկին է, ոչ ներկա։ Սիրելի հանրություն, երբ դու ասում ես, թե ուզում ես մեկին, ով ոչ ներկա է, ոչ նախկին, ապա եկել է այդ մարդը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։