Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 30-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցով որոշում կայացնելու։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 12։00-ին։

Նրա պաշտպաններն այսօր նիստին հայտարարեցին, որ Չալաբյանը եթե գտնվի ազատության մեջ, չկա գեթ մեկ փաստ, որ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ 

Հիշեցնենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետեւ մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին եւ նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» եւ «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար: