Հայոց Եկեղեցին գծել է մեր հայրենիքի սահմանները եկեղեցիներով, պետությո՛ւն, բանա՛կ, բարի եղեք պահե՛լ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է:

Մեր հայրենիքի տարածքները կորցնելն ահավոր մեծ ողբերգություն է։ Եվ ես մեծ ողբերգություն եմ ապրում․․․ Հիմա մենք Համազգային ողբերգության մեջ ենք, քանի որ կորցրել ենք հայրենիքի կորուստը գիտակցելու կարողությունը։ Այդ ողբերգությունն ավելի է խորանում, որովհետև այդ ամենը կայանում է պետականության գոյության պարագայում։ Հայրենազրկում լինում է պետականության չգոյության պարագայում։ Բայց սա առաջին դեպքն է, երբ մենք հայրենազրկվում ենք պետականության գոյության պարագայում։

* Արցախն ամբողջապես շրջափակված է․ Բերձորը, Սուսն ու Արցախը ապահովում էին կապը Հայաստանի հետ, այսօր այդ պորտալարը կտրվեց։ Առանց այդ պորտալարի ինչպե՞ս պետք է ապրի Արցախը։ Կատարված այս ողբերգության գիտակցումը չունեն ո՛չ պետական կոչվող այրերը, որոնց անիմաստ է կոչել պետական, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ ժողովուրդը։

*Եթե ժողովուրդը սխալ իշխանություն է ընտրում, ուրեմն պետք է քաղի դրա ծանր հետևանքները։ Երբ ընտրում ես մի իշխանության, որի համար հայրենիքը երկրորդական է ու կարևորն իր կյանքն ու իր կաշին է, ուրեմն կլիներ այն, ինչ եղավ։

*Ինչպե՞ս կարող է ապիկարը, անկարը հաղթել, ինչպե՞ս կարող է ռազմական գործից չհասկացողը, անուղեղը, վախկոտը հաղթել պատերազմում։ Բնականաբար ողբերգությունները պետք է շարունակվեն։ Սա կարելի էր կանխել նախորդ ընտրությամբ, բայց ժողովուրդը չկանխեց․․․ ու հիմա Արցախը հանձնվում է։ Արցախը հիմա մնում է այնտեղ ապրող արցախցիների շնորհիվ, ամենայն պատիվ ու հարգանք իրենց։ Բայց եթե իրենց մեջ էլ մտնի միայն իրենց կյանքը փրկելու որդը, ապա Արցախը երկար կյանք չի ունենա։

*Այսօրվա իշխանություն ամեն ինչ անում է, որ արցախցին լքի իր հայրենիքը, որ հետո ասեն՝ մենք ամեն ինչ արեցինք, բայց արցախցին չմնաց, դե մենք էլ հո դատարկ հողակտորը չէինք պահելու․․․Սա ի՞նչ մտածելակերպ է։ Սա պետական մտածելակերպ չէ, պետությունը պետք է պահի այդ տարածքները՝ անկախ նրանից, թե քանի մարդ է այդտեղ ապրում, հայրենիքը մարդկանց թվով չի որոշվում, հայրենիքն իր պատմական տարածքով է, իր սեփականության զգացողությունով է։ Ո՞վ է իր մի թիզ հողը տալիս հարևանին, թե վերցրու, չեմ մշակում, մեկս մյուսին ցանկապատի տախտակ չի զիջի, մեր պատից մեկ քար չենք զիջի հարևանին, ինչպե՞ս ենք հայրենիքը զիջում։

*Ես ողբերգություն եմ ապրում, ու այս ողբերգությունը պետք է յուրաքանչյուրն ապրի։ Եթե պետական այրը Բերձորը հանձնում է ու քունը չի կորցնում, և գնում է Սևանում լողանալու, դա ի՞նչ է նշանակում։ Մենք հայրենիք ունենալու իրավունք չունենք․․․

*Երբ հայ գեներալները տեսան այս վտանգավոր ընթացքը, պետք է կատարեին այն, ինչին կոչված էին կատարելու։ Երկրներ կան, որտեղ զինվորականությունը տեսնելով, որ սխալ ուղղությամբ է գնում ժողովրդավարություն կոչված հիմարությունը՝ կանխել են, փրկել են երկիրը։ Թուրքիան քանի անգամ են փրկել զինվորականները․․․ Այդպես պետք է վարվեր հայ զինվորականությունը

*Ինչո՞ւ է այս իշխանությունը թիրախավորել Եկեղեցուն, որովհետև Եկեղեցին միակ կառույցն է, որը պայքարում է անտարբերության, անհայրենիք հիվանդության դեմ։ Եկեղեցին է ասում, որ Արցախը մեր հայրենիքն է ու չի կարելի հանձնել, բազմիցս եմ ասել՝ Հայոց Եկեղեցին գծել է մեր հայրենիքի սահմանները եկեղեցիներով, պետությո՛ւն, բանա՛կ, բարի եղիր պահե՛լ մեր հայրենիքը։ Չեն կարող պահել, ապիկար են ու անճար։ Ու քանի որ Եկեղեցին բարձրաձայնում է իրենց ապիկարությունն ու անճարությունը, դրա համար էլ թիրախավորում են եկեղեցուն։

Մանրամասները՝ տեսանյութում