Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները․ «Հենակետ»

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում ադրբեջանցի դիպուկահարները մասնակցել են Իրանի Յեզդ քաղաքում «Միջազգային բանակային խաղեր-2022»-ի շրջանակներում անցկացված «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի երկրորդ փուլին։

Կասպից ծովի՝ Ադրբեջանի տարածքային ջրերում անցկացվող «Ծովային գավաթ» մրցույթի մասնակից թիմերը կատարել են «Ջրի ներթափանցման դեմ պայքար ուսումնական համալիր», «Պայքար նավի կայունության համար և փրկության նախապատրաստում» փուլի դրվագը։ Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Ռուսաստանի նավաստիները ցուցադրել են նավի անվտանգությունն ապահովելու, ջրասուզումը կանխելու, ինչպես նաև նավը փրկելու հմտություններ և կարողություններ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկվում ադրբեջանական բանակի կապի համակարգերի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Ստացվել և շահագործման են հանձնվել էլեկտրոնային պատերազմի պահանջներին համապատասխան դիմացկուն կապի նոր միջոցներ։

Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե Գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման վարչության սպաների և քաղաքացիական ծառայողների մասնակցությամբ միջոցներ են ձեռնարկվում բանակում հոգեբանական աշխատանքի խթանման ուղղությամբ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Թուրքական պետությունների կազմակերպությունն իր Twitter-ի էջում հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե այս տարի սեպտեմբերի 16-ին Շուշիում Ղարաբաղյան գործարար համաժողով կանցկացվի, որին կմասնակցեն դիտորդ երկրների և Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների գործարարները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ շարունակվում է բարդ ռելիեֆ ունեցող տարածքներով անցնող Քաշունիք (Ղուբաթլի)-Էյվազլի ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։ Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ ակտիվ ընթացքի մեջ է նաև Շուքյուրբեյլի- Ջրական (Ջաբրայիլ)-Հադրութ ավտոճանապարհի շինարարությունը, որը

նախատեսվում է ավարտել 2023-ին։

Օգոստոսի 25-ին կայացած շնորհանդեսին Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալությունը ներկայացրել է նոր մեքենաներ և մեխանիզմներ, որոնք ձեռք են բերվել Ղարաբաղի ճանապարհային ենթակառուցվածքները սպասարկելու համար։

«Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության ներկայացուցիչները տեղի մասնագետների մասնակցությամբ ստուգում են անցկացրել Սարսանգի ջրամբարում։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ջրի բաշխման և Սարսանգի ջրամբարից ներքև գտնվող տարածքներ ջրամատակարարման վերականգնման հարցը։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Իլհամ Ալիեւին է հանձնել «Ալթին Կիրան»՝ «Ոսկե արծիվ» բարձրագույն շքանշանը։ «Ղազախստանում ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործիչ, մարդ, ով Ադրբեջանին տարավ դեպի պատմական Հաղթանակ և տարածքային ամբողջականության վերականգնում», – հայտարարել է Տոկաևը։ Թեև Տոկաևի հայտարարության՝ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացրած տարբերակում Հայաստանն ուղիղ կերպով չի հիշատակվում, սակայն ակնհայտ է, որ խոսքը 44-օրյա պատերազմի մասին է։

Օգոստոսի 24-ին Իլհամ Ալիևը և Կասըմ-Ժոմարտ Տոկաևը ծանոթացել են Կուրմանգազիի անվան Ստեղծագործության զարգացման կենտրոնի նախագծին, որը Վարանդայում (Ֆիզուլիում) երեխաների համար կկառուցի ղազախական BI-Group հոլդինգը։ Տոկաևը լրագրողներին ասել է, թե ղազախ ժողովրդի անունից մինչև հաջորդ տարվա վերջը Վարանդայում (Ֆիզուլիում) կկառուցվի Կուրմանգազիի անվան արվեստի դպրոց։

Ադրբեջանի մշակույթի նախարարությունն ավարտել է «Հայրենական Ղարաբաղյան պատերազմ» պայմանական անունով 8 սերիանոց գեղարվեստական սերիալի ստեղծման մրցույթը։ Մրցույթում հաղթող է ճանաչվել թուրքական «Bozdağ Film Yapım Prodüksiyon Reklam İnşaat Turizm Sanayi Ticaret Anonim Şirketi» ընկերությունը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նկատել են, որ Կովսականի (Զանգելանի) օդանավակայանում սկսվել է թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման միջոցների փորձարկումը։ Օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին։

Օգոստոսի 26-ին Իլհամ Ալիևը հայտարարել է Լաչին քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին։ Ադրբեջանի նախագահի հանձնարարության համաձայն՝ ներքին գործերի նախարարը կարգադրել է Լաչինի շրջանում ստեղծել ժամանակավոր պարետատուն։ Լաչինում ստեղծվել են շտապօգնության բրիգադներ։

«Ազերէներժի» ընկերության աշխատակիցները մուտք են գործել Լաչին և հարակից գյուղեր՝ էլեկտրաէներգիայի ապահովման խնդիրը լուծելու նպատակով։ Լաչին է բերվել ադրբեջանական «Երկաթե բռունցք» հուշարձանը: Նշենք, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում տեղադրել է նույն հուշարձանը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իրենք երջանիկ են, որ Հայաստանը Լաչինը հանձնեց Ադրբեջանին։ Թուրքիայի ԱԺ նախագահ Մուստաֆա Սենթոփը ողջունել է Լաչին քաղաքի ու շրջակա գյուղերի անցումն ադրբեջանական վերահսկողության տակ։ Այդ կապակցությամբ Ալիևին շնորհավորել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում։

Լաչինի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովը և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին։

Շաբաթվա ընթացքում կազմակերպվել է Ադրբեջանում օտարերկրյա երկրների դիվանագետների այցելությունը Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Շուշիում շինարարական-վերականգնման աշխատանքներն ընթանում են բարձր տեմպերով։

Օգոստոսի 26-ին Թուրքիայում գործող և Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղում թունելի կառուցմանը, որը գտնվում է ավարտման փուլում։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Շուշի չեն այցելել Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, որը գնահատվում է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Հաջիևը դժգոհել է, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթները։ Բաքվում դժգոհ են ԱՄՆ-ի այս քայլից։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են ԱՄՆ-ին հեռացնել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Վաշինգտոնը արձագանքել է Բաքվին, թե Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական խաղաղությանը.

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը թվիթերյան էջում գրառում է արել՝ պատասխանելով Բաքվի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը կասկածի տակ դնող հայտարարություններին։ «Գիտե՞ք, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ 1997 թ-ի հունվարի 1-ից համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Խումբը հարթակ է ապահովում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար»,- ասված է գրառման մեջ։

ՄԻԵԴ-ը մերժել է Բերձորում ու հարակից տարածքներում տներ այրելու դեմ Ադրբեջանի դիմումը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոշ Գոթեյմերը թվիթերյան գրառմամբ դատապարտել է Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա:

Տարածաշրջանային նախագծերի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գրավականը մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Բաքուն ներկայացրել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաև Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում անհանգստացած են դրանից»։

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը հուշագիր են ստորագրել տարանցիկ փոխադրումների դյուրացման մասին։ Թեհրանում ՌԴ դեսպանատան առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը փոխանցել է, որ ներկայումս Իրանից ՌԴ ապրանքների տարանցման հիմնական ցամաքային ուղին անցնում է Ադրբեջանի տարածքով։

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին նշել է, թե Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կազմում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմքը։ Մուսավին հայտարարել է նաև, թե Իրանը դեմ չէ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Դեսպանը նշել է, որ Իրանն ընդլայնում է տրանսպորտային կապերը Ադրբեջանի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծել են, որ Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման մեջ, որը համապատասխանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրագործմանը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեն հայտարարել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման նախագծում ներդրումների գործընթացը կքննարկվի Ադրբեջանում կայանալիք կառավարության ներկայացուցիչների հանդիպմանը։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին խոսել է իր երկրին բնական գազով ապահովելու հարցում Ադրբեջանի կարևորության մասին․ «Մենք նոր համաձայնագրեր ենք ստորագրել տարբեր երկրներից գազի մատակարարումներն ավելացնելու վերաբերյալ, այդ թվում՝ Ալժիրից և Ադրբեջանից»,- ասել է Դրագին։

Սերբիայի ղեկավարը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ բավարար էլեկտրաէներգիա ապահովելու համար օգնություն ստանալու նպատակով։ Ալիևն արձագանքել է խնդրանքին՝ խոսելով Ադրբեջանից շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա գնելու վերաբերյալ համաձայնագրի հաստատման մասին։