Ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից

ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն իրենց ազգային շահերով են ղեկավարվում և դա բնական է, անբնականն այն է, որ մենք չգիտենք, թե ինքներս ում շահերով ենք շարժվում։

– Ռուսաստանին պետք է մնալ Կովկասում, դրա համար իրեն պետք է Արցախի հարցը սառեցված մնա ու թույլ չտա, որ Արևմուտքն Արցախի հարցով մուտք գործի Հարավային Կովկաս, այնտեղից Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, ինչի շուրջ ունի համաձայնություն Իրանի ու էրդողանական Թուրքիայի հետ։

-Իրանին պետք է, որ Արևմուտքն ու Իսրայելն իր հյուսիս՝ Ադրբեջան մուտք չգործեն, ինչի շուրջ ունի համաձայնություն Ռուսաստանի, նաև մասնակի համաձայնություն էրդողանական Թուրքիայի հետ, միևնույն ժամանակ ցանկանում է, որ չմեծանա Ադրբեջանի դերը, ինչը սպառնալիք է իր տարածքային ամբողջականությանը։

– Էրդողանական Թուրքիային նույնպես պետք է զսպել Արևմուտքի ակտիվությունը Կովկասում, սակայն դրա համար մեծ գին է պահանջում Ռուսաստանից ու Իրանից, ու դա մեր հաշվին է։ Թե հետէրդողանական Թուրքիան ինչպիսին կլինի, կիմանանք հաջորդ տարի, նաև ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն մեր ռեգիոնում։

– ԱՄՆ-ին ու Բրիտանիային պետք է ուժեղ Ադրբեջան, որը լինի պլատֆորմ Միջին Ասիա մուտք գործելու, ինչպես նաև Ռուսաստանում իսլամի ու թյուրքիզմի հողի վրա ցնցումներ առաջացնելու համար, իսկ դրա համար Արցախի հարցը պետք է վերջնականապես լուծվի ի օգուտ Ադրբեջանի, նաև լուծվի Սյունիքի «հարցը», որպեսզի հետագայում սկսվի Ռուսաստանի ու Իրանի փլուզման գործընթացը։

Երբ «միջազգային հանրությունն» ասում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետք է հաստատվի վերջնական ու երկարատև խաղաղություն, հենց դա նկատի ունեն։ Հիշենք Բրիտանիայի դերը արցախյան պատերազմում ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարության տապալումն իր կողմից, Թրամպի անգործությունը, Իսրայելի ակտիվությունը պատերազմում ու Բոլտոնի այցը։

Մինսկի խումբը գործիք է, որտեղ այդ իրարամերժ շահերը մտել են հակասության մեջ։ Հիմա չկա միջազգային իրավունք, չկա նաև միջազգային հանրությունն ու միջազգային կարգ, հիմա ամեն ինչ հնարավոր է, ինչպես առանց խաղի կանոնների մենամարտերում։

Այս պայմաններում ում…-ին է պետք Մինսկի խումբը, որի անդամները միմյանց հետ պատերազմական վիճակում են և Բրյուսելի միջնորդությունը, գոնե ինձ համար անհասկանալի է։ Այն ավելի շուտ սպառնալիք է հանդիսանում մեզ համար, քան մեզ համար ընդունելի ինչ-որ հարթակ։ Մենք պետք է պատրաստվենք իրավիճակի փոփոխությանը, ինչի հետ Մինսկի խումբը կապ չունի, ինչպես կապ չուներ ուկրաինական Մինսկի խումբը Ուկրաինայի այսօրվա պատերազմի հետ, ու ով է այդ Մինսկի խմբերից խեր ստացել, որ դրա շուրջ անհիմն հանրային էմոցիաներ են ձևավորվում։ Այն պարզունակ պատկերացումը, որ քանի կա Մինսկի խումբը, Արցախի կարգավիճակը դեռ «միջազգային հանրության» օրակարգում է, սին է, նման հարցերն այդպես չեն լուծվում։

Իսկ ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից, դա էլ պետք է պարզ լինի, քանի կա Էրդողանը, իր համար շանս է առավելագույնս պոկել Ռուսաստանից Արցախի հարցում, որն առանց Արևմուտքի միջնորդության է կայացվել, և որի ակտիվությունն կարող է իր համար իշխանության կորստի գին ունենալ, իսկ Բրյուսելի միջնորդության դեպքում այդ սպառնալիքը դեռ չկա, Բրյուսելում պահանջում են, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից