Իրանն ու Հայաստանը մտադիր են երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել մեկ մլրդ դոլարի. Իրանի դեսպան

Շաբաթ օրն Իրանի Զանջան նահանգի առևտրատնտեսական պատվիրակության անդամների հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է, որ իրենք Հայաստանը, բացի բուն շուկայից, դիտարկում ենք որպես շատ անվտանգ, հուսալի և ամուր կապի կամուրջ այլ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ, ԵՄ այլ երկրների հետ, գրում է ParsToday-ը։

Նշելով, որ Հայաստանում արտահանման պայմանները շատ լավն են, դեսպանը հավելել է. «ԵԱՏՄ-ի ու Հայաստանի միջև գործող՝ 6-ից 7 հազար անուն ապրանքների համար սահմանված արտոնյալ սակագինը մեզ հնարավորություն է տալիս ներկայություն ունենալ անդամ երկրների շուկաներում»:

Աբբաս Զոհուրին հայտարարել է, որ Իրանի 13-րդ կառավարության քաղաքականությունն է ընդլայնել համագործակցությունը հատկապես հարևան երկրների հետ, և Հայաստանում Իրանի դեսպանությունը պատրաստ է այս ուղղությամբ համակողմանի գործակցել տնտեսական ակտիվ դերակատարների հետ։

Իրանի դեսպանը հայկական շուկան որակել է որպես մրցունակ, ուր հնարավոր է մուտք գործել բարձր չափանիշներով և պրոֆեսիոնալ քայլերով։ Նա հավելել է. «Երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է՝ հասնելով 560 միլիոն դոլարի և Հայաստանի ու Իրանի իշխանությունները մտադիր են այն հասցնել 1 միլիարդ դոլարի»։

Անդրադառնալով հայկական 10 միլիոնանոց Սփյուռքին, Հայաստանում Իրանի դեսպանն ասել է. «Իրանական ընկերությունները կարող են օգտագործել արտերկրի հայերի հնարավորություններն ու լոբբին՝ մեծացնելու իրենց արտադրանքի ներկայությունն այլ երկրների շուկաներում»։