ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։

Հաջորդիվ պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված ժամկետում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։

Բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։