ՌԴ-ն առաջարկում է փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել Եվրասիական տնտեսական միության արժույթները

Ռուսաստանն առաջարկում է փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արժույթները՝ հայկական դրամը, վրացական լարին, ղազախական թենգեն և ղրղըզական սոմը։ ՌԴ-ը պատրաստվում է այս հարցը մտցնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի է ունենալու Ղրղզստանում օգոստոսի 25-26-ը, գրել է ՌԲԿ-ը։ Ռուսաստանը պատրաստել է որոշման համապատասխան նախագիծ, զեկույցով նիստում հանդես կգա ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Ինչպես նշել է ՌԲԿ-ը, Ռուսաստանն առանձնացրել է ԵԱՏՄ երկրների արժույթներով հաշվարկների զարգացման երեք հիմնական ուղղություն։ ՌԴ-ը պատրաստել է նաև թիրախային ցուցանիշներ, որոնք պետք է ցուցադրեն այդ աշխատանքի արդյունավետությունը։

«ԵԱՏՄ-ում անկախ վճարային ենթակառուցվածքի զարգացումը» առաջին ուղու շրջանակում առաջարկվում է երեք միջոց։ Առաջինը ազգային վճարային համակարգերի փոխգործակցության ապահովումն է։ Դրանց թվում են «Արմենիան քարդը» Հայաստանում, «Բելքարտը» Բելառուսում, «Էլքարտը» Ղրղզստանում, «Միրը» Ռուսաստանում։ Ղազախստանում աշխատում են վճարային համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Արդյունավետության կարևոր ցուցանիշների (ԱԿՑ) կատարումը կնշանակի ԵԱՏՄ երկրներից ցանկացածում ազգային վճարային համակարգի քարտերի ընդունման հնարավորություն։

Հարկ կլինի ապահովել ֆինանսական տեղեկատվության փոխանակում՝ առանց SWIFT համակարգի կիրառման։ Այս խնդրի լուծմամբ առաջարկվում է մինչև 2022թ. վերջ ազգային կենտրոնական բանկերը միացնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական տեղեկությունների փոխանցման համակարգին (ՖՏՓՀ), ինչպես նաև ՖՏՓՀ-ին միացնել բանկերի մեծ մասը, որոնք սպասարկում են փոխադարձ առևտրաշրջանառությունը։

Աշխատանքի երկրորդ՝ «Ազգային արժույթով կազմակերպված առևտրի զարգացումը»  ուղղության շրջանակում կա երկու կարևոր խնդիր՝ ԵԱՏՄ ազգային արժույթների զույգերով աճուրդների զարգացումը և ապրանքահումքային ակտիվների կազմակերպված առևտրի գործարկումը ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով, տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ։ ԱԿՑ-ի կատարման ցուցանիշն այս ուղղությամբ 2022-2023 թթ. առևտրահումքային ակտիվներով ԵԱՏՄ երկրների կազմակերպված աճուրդներ սկսելն է ազգային արժույթներով և այդ ապրանքների փոխադարձ հասանելիությունը։

Երրորդ առաջնահերթությունը, որն առանձնացրել է Ռուսաստանը, բիզնես-հանրություններին իրազեկելն է ազգային արժույթներով հաշվարկների առավելությունների մասին, ինչպես նաև ներքին պատնեշները վերացնելը։

ԵԱՏՄ-ում Ռուսաստանից բացի ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։