Ֆիզիկայի գիտավանում շինաշխատանքները խոչընդոտող քաղաքացիներին բերման են ենթարկել

Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի գիտավանում։ Այս մասին տեղեկացնում է «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը։

«Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից

Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել

Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ և օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։

Այս պահին ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality պահանջում ենք ԿԱՍԵՑՆԵԼ շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան Ռատկո ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները», – գրված է ֆեյսբուքյան էջում։

Որտեղ նաև պարզաբանում է պահանջվում Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ից, թե «ի՞նչ հիմքով է Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել շինաշխատանքները, ի՞նչ է քննարկվել քաղաքապետարանում այն հանդիպմանը, որը տեղի է ունեցել առանց բնակիչների ներկայացուցիչների մասնակցության, թեև ի սկզբանե մեր իրավաբանները հրավիրվել էին նախնական հանդիպմանը, որը հետաձգվել էր քաղաքապետարանի կողմից»:

Ոստիկանության տեղեկացմամբ, քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով նախատեսված արարքի համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։