Սպանել էր 23-ամյա տղային, ապա հետքերը թաքցնելու նպատակով այրել դիակը (տեսանյութ)

Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Իջևանի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզեցին հանցագործությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակիչը բերվեց ոստիկանության Իջևանի բաժին:

Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ որսորդական դանակով հարվածներ է հասցրել և սպանել 23-ամյա երիտասարդին, այնուհետև սպանության հետքերը թաքցնելու նպատակով այրել է դիակը:
32-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն: