Կառավարությունը ԶՊՄԿ-ի 6,8 տոկոս բաժնետոմսերը կառավարման հանձնեց ԱՆԻՖ–ին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց, որ ՀՀ-ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս։

«Դրանք կազմում են կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը»,–նշեց Բադալյանը։

Նրա խոսքով` ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:

Փաշինյանն ընդգծեց, որ 2021-ի սեպտեմբերին 30-ին կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15 տոկոս բաժնետոմս ստացավ։ Հիմա էլ որպես նվիրատվություն ստանում են բաժնետոնսերի 6.8 տոկոսը։