Բորժոմում հինգերորդ օրն է՝ մարում են հրդեհը

Բորժոմում՝ Զորեթ-Քվաբիսխևի մերձակայքում, մինչ այժմ չեն կարողացել մարել կրակը։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիան»։  Աղետի գոտում ներկա է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրա խոսքով՝ վատ եղանակը խանգարում է հրդեհաշիջման աշխատանքներին։

«Ոչ բոլոր օջախներն են տեղայնացված, աշխատանքներ են տարվում հանգցնելու համար, քանի որ երեկ քամու պատճառով գրեթե տեղայնացված կրակը կրկին բորբոքվեց և տեղափոխվեց երկրորդ սար, այսօր կան երկու հիմնական օջախներ, կան նաև փոքր, մարող օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1200 մարդ, աշխատում է 110-120 միավոր տեխնիկա։ Տրակտորներն աշխատում են, նոր ճանապարհ են բացում, քանի որ եթե ջուր չհասցնես, կրակը չես հանգցնի»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով, եթե քամի փչի, հրդեհի տարածման վտանգ կլինի։

«Սակայն կրակն այս պահին տեղայնացրել ենք, բնակավայրերի մոտ փակել ենք, որ չհասնի։ Եթե քամին չլինի, վաղը շատ փոքր օջախներ կմնան,- ասել է Գոմելաուրին, նշելով որ երկու հիմնական օջախներ կան, կան նաև մանր օճախներ։

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր չորս օր առաջ՝ օգոստոսի 19-ին, Բորջոմի Զորեթ-Քվաբիսխևի մերձակայքում։ Այսօր հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 4 ուղղաթիռ, սակայն ուժգին քամին ու դժվարամատչելի վայրերը խոչընդոտում են  փրկարարներին։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Բորջոմի քաղաքապետարանում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Հրդեհաշիջման աշխատանքներում այս պահին ներգրավված է 300 հրշեջ, Հատուկ հանձնարարությունների վարչության 300 աշխատակից և ՊՆ առաջին բրիգադի զինվորները։

Դգվարի գյուղի մոտ արտակարգ շտաբ է ստեղծվել։ Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ հրդեհներին։