Բողոքի ակցիա՝ հաջակցություն Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ օգոստոսի 22-ին, բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ՝ հաջակցություն Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի։ Նրանք պահանջում էին քաղաքացիներից և իշխանություններից թույլ չտալ, որ հանձնվեն հայկական բնակավայրերը:  Ակցիայի մասնակից Արևիկ Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովրդին համոզել են, թե կորցրածը հնարավոր չէ հետ բերել, բայց այն կարող են հետ բերել միայն համախմբման, պահանջատեր լինելու միջոցով: «Մենք պետք է չէ՞ աշխարհին ցույց տանք, որ  պահանջատեր ենք, եթե ցույց չտանք, աշխարհի շատ պետքն է՝ դու պահանջատե՞ր ես, թե ոչ: Մենք ի սկզբանե ցանկանում էինք բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց, բայց մեզ ասացին, որ չենք կարող շենքին մոտենալ: Չեն թողնում դրոշներ փակցնել, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա: Ցուցարարներից Արթուր Սարգսյանն էլ նշեց, որ կարևորը քաղաքացիների գիտակցական մակարդակը բարձրացնելն է և միասնական լինելը. «Մենք ցանկանում ենք ժողովրդի մեջ տարածել նժդեհականության գաղափարը, որը միշտ էլ հային հայ է պահել: Այն այսօր պակասել է, մենք մեր թիմով փորձելու ենք մարդկանց մեջ արթնացնել այդ գաղափարը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի և Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։ Օգոստոսի 18-ից այդ բնակավայրերում արդեն անջատվել են էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, ինտերնետ կապը, գազը, ավելի ուշ՝ նաև ջուրը: Բերձորից և Աղավնոյից բնակչության մեծ մասը արդեն դուրս է եկել:

Տեսանյութը՝ NEWS.am-ի