Սերբիան կկարողանա շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից. «Ինտերֆաքս»

Սերբիան կկարողանա շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հեռախոսազրույցից հետո հայտարարել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գրասենյակից, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։

Վուչիչը էլեկտրաէներգիայի բավարար քանակությամբ իր երկիրն ապահովելու խնդրանքով դիմել է Ալիևին, և Ադրբեջանի նախագահն արձագանքել է այդ խնդրանքին՝ նշելով Սերբիայի համար շահավետ պայմաններով Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու միջպետական համաձայնագրին հավանություն տալու մասին։

Խոսակցության ընթացքում, որը տեղի է ունեցել սերբական կողմի նախաձեռնությամբ՝ Սերբիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով, քննարկվել են համագործակցության շարունակման կոնկրետ առաջարկները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նշվել է հաղորդագրությունում։

Պետությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ քառորդ դարի ընթացքում Սերբիան և Ադրբեջանը լավ համագործակցություն են հաստատել, իսկ Բելգրադի և Բաքվի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Վուչիչն ընդգծել է, որ Բելգրադը մտադիր է այսուհետ ևս շարունակել զարգացնել բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները Բաքվի հետ։

Նա ադրբեջանցի գործընկերոջը կոչ է արել որքան հնարավոր է շուտ այցելել Սերբիա, որպեսզի համատեղ ջանքերով «ազդակ հաղորդվի համագործակցությանը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան և գյուղատնտեսությունը»։

Վուչիչը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Սերբիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման համար և նշել է, որ Բելգրադը հարգում է միջազգային իավունքը և ՄԱԿ-ի բոլոր անդամների սահմանների անձեռնմխելիությունը, նշվել է հաղորդագրությունում։