ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչև օգոստոսի 29-ը

«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչեւ օգոստոսի 29-ը: «Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, այս մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 22-ին, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:

Դրանց աշխատանքի սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսելու օրը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆ-ը և ԵՄ-ը ՌԴ-ի այս քայլը գնահատել են իբրև ագրեսիա Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։

Արևմուտքի մի շարք երկրներ նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրյուշևը թվարկել է օպերացիայի նպատակները «Հատուկ օպերացիայի նպատակներն են՝ ուկրաինական նեոնացիստական ռեժիմի կողմից սպասվող ցեղասպանությունից ապահովել մարդկանց պաշտպանությունը, ապառազմականացնել Ուկրաինայի տարածքը, հասնել նրա չեզոք դիրքին, որը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ»։