Բերձորի և Աղավնոյի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար․ NEWS.am

Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի և Բերձորի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, NEWS.amի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։

«Հայկ Խանումյանը մեզ տարհանման ծրագիրն է ներկայացրել, ասել է՝ ով որտեղ է գնալու, ինչ է անելու։ Մենք թուղթ ենք լրացնելու, նշելու ենք՝ յուրաքանչյուրս որտեղ է գնալու։ Ընդհանուր առմամբ՝ գյուղի բնակիչները պատրաստ էին, գիտեին՝ ինչ է լինելու: Այսքան ժամանակ մեզ չէին աջակցում, զորք չէին բերում: Ժողովրդին, եթե զենք բերեն տան, հզորացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գա»,- նշեց Չաուշյանը:

Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ևս հարցը քննարկվել է։

«Նախագահը չի կարող ոչ բացատրի, ոչ էլ պատճառաբանի, քանի որ ինքը բանակցող կողմ չէ: Ես իրեն չեմ արդարացնում, բայց իրենից ի՞նչ պահանջենք: Փաշինյանն է այս ամենին հասցրել: Իրա կարգախոսն է՝ բոլորը մեղավոր են՝ բացի իրենից»,- ընդգծեց Անդրանիկ Չաուշյանը։

Իսկ ավելի վաղ Tert.am-ին Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իրենց տրվել է 20 օր՝ բնակավայրն ազատելու համար։