ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդը սխալվեց, որ անձնատուր եղավ Թուրքիայի ճնշմանը. Ֆրենկ Փալոնե կրտսեր

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա) 76-րդ նստաշրջանի նախագահ և Մալդիվների ներկայիս արտաքին գործերի նախարար պարոն Աբդուլա Շահիդին պնդել Հայոց ցեղասպանության փաստը՝ Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ) և թանգարան-ինստիտուտ հուլիսի 27-ին իր կատարած այցելության մասին Twitter-ում արած բնօրինակ հայտարարությունը ջնջելուց հետո։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից։

«Ի պատասխան, կոնգրեսական Ֆրենկ Փալոնե կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարեց, որ «ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմության մերժմանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը սխալվեց, որ ջնջեց իր թվիթը և անձնատուր եղավ Թուրքիայի ճնշմանը»:

Մինչ օրս 31 երկրներ և տասնյակ միջազգային կազմակերպություններ ճանաչել են 1915-1923թթ.-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը հանգեցրեց 1,5 միլիոն հայերի կոտորածի և զրկեց մի ժողովրդի իր երեք հազարամյա Արևմտյան Հայաստանի հայրենի հողերի նկատմամբ սեփականության իրավունքից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948թ.-ի դեկտեմբերին ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան («Ցեղասպանության կոնվենցիա»)՝ օրենքով սահմանեց ցեղասպանության հանցագործությունը՝ հաշվի առնելով միջազգային մարդու իրավունքների փաստաբան Ռաֆայել Լեմկինի բազմաթիվ գաղափարները, ով ստեղծեց ցեղասպանություն եզրույթը 1944թ.-ին և վկայակոչեց 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանության գործողության առաջնային օրինակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գործողությունները մատնանշում են ցեղասպանության ժխտումը, որը ատելության խոսքի վատթարագույն ձևն է։ «1998թ.-ին Ցեղասպանության կոնվենցիայի 50-ամյակի պատվին ավելի քան 150 նշանավոր գիտնականներ և գրողներ հանդես եկան հայտարարությամբ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը և դատապարտելու թուրքական կառավարության կողմից մարդկության դեմ այս հանցագործության ժխտումը: Հայտարարության մեջ գիտնականներն ընդգծեցին, որ «ցեղասպանության ժխտումը ձգտում է վերափոխել պատմությունը՝ զոհերին սատանայացնելու և հանցագործներին արդարեցնելու համար: Ցեղասպանության ժխտումը՝ ցեղասպանության վերջին փուլն է: Դա այն է, ինչն Էլի Վիզելը անվանել է «կրկնակի սպանություն»: Ժխտումը սպանում է վերապրածների արժանապատվությունը և ձգտում է ոչնչացնել հանցագործության մասին հիշողությունը»»,-շեշտում է Ամերիկայի հայկական համագումարը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդի արարքը խաթարում է միջազգային հանրության վստահությունն ու պատասխանատվությունը ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի տառի և ոգու պահպանման նկատմամբ: Ամերիկայի հայկական համագումարը հորդորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդին հրապարակել հանրային բացատրություն և հերքում՝ իր ջնջված թվիթի վերաբերյալ և հաստատել իր հանձնառությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա ժխտումը դատապարտելու վերաբերյալ: