Եղիշե Չարենցի դիմանկարը գրողի տուն-թանգարանին նվեր

Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ տուն-թանգարանին կնվիրաբերվի բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը։

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում և հանվել էր վաճառքի։ Այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը և հանդիսավոր արարողությամբ կնվիրի տուն-թանգարանին:

Հանդիսավոր միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին` ժամը 15։00-ին, Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ (Օղակաձև զբոսայգում` Ռադիոտան դիմաց)։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կկատարի հոգեհանգստի աղոթք՝ ի հիշատակ Եղիշե Չարենցի։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն մեծ բանաստեղծի հուշարձանին, որտեղ կլինի պատվո պահակախումբ։

Ժամը 16։00-ին Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա Եղիշե Չարենցի դիմանկարի հանդիսավոր հանձնումը։ Հեղինակը՝ Հրաչյա Ռուխկյանը, Չարենցի դիմանկարը ստեղծել է 1978 թ.-ին: Նա առավելապես հայտնի է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի հեղինակ: