«Ալ-Քաիդան» կարող է փորձել վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից՝ իր առաջնորդին վերացնելու համար. Պետքարտուղարություն

Պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից՝ իր առաջնորդ Այման ալ-Զավահիրիի սպանության համար, և ամերիկացիներին կոչ է արել արտասահման մեկնելիս լինել առավել զգոն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալ-Զավահիրին, որը համարվում էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ հարձակումների անմիջական կազմակերպիչը, սպանվեց անցած կիրակի օրը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող առանձնատան վրա ամերիկյան անօդաչու թռչող սարքի ճշգրիտ հարվածից:

«Ալ-Զավահիրիի մահից հետո «Ալ-Քաիդան» կամ հարակից ահաբեկչական կազմակերպությունները կարող են փորձել հարձակվել օբյեկտների, ռազմական անձնակազմի կամ ԱՄՆ քաղաքացիների վրա», – ասվում է նախազգուշացման մեջ:

«Քանի որ ահաբեկչական հարձակումները հաճախ տեղի են ունենում առանց նախազգուշացման, ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում պահպանել զգոնության բարձր մակարդակ և իրավիճակի տեղեկացվածություն արտասահման մեկնելիս», – ավելացրել է Պետդեպարտամենտը: