Ալեն Սիմոնյանին ուղեկցող RAV 4 մեքենաներ ձեռք բերելու համար հատկացված 54 մլն դրամը վերադարձվեց պահուստային ֆոնդ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդ վերադարձնել 54 մլն դրամը, որը հատկացվել էր Ալեն Սիմոնյանի թանկարժեք ծառայողական մեքենային ուղեկցող RAV 4 ավտոմեքենաներ ձեռք բերելու համար:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ  Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի  N 472-Ն որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։

Սակայն ներկրող «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 472-Ն որոշումը և այդ նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54.0 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»։