Ադրբեջանական սադրանքների գլոբալ նպատակները

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին օրերին արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական էսկալացիան, բացի բուն Արցախում Բաքվի հետապնդած խնդիրները լուծելու նպատակներից (սողացող օկուպացիա-դիրքային բարելավում, ՊԲ ցրում, զինաթափում, հայաթափման վերջնարդյունքի նպատակով անվտանգության մարտահրավերի հերթական շեշտադրում, ՌԴ խաղաղապահ առաքելության վարկաբեկում կամ ՌԴ հետ քաղաքական առևտրի հերթական հերթափուլի խթանում), ուղղակիորեն միտված է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին միացնող «միջանցքի» («Զանգեզուրի նախագիծ») խնդրի զարգացմանը։

Այս համատեքստում, հարկ է ընդգծել լարվածության ժամանակահատվածի և աշխարհագրական տեղանքի ընտրությունը (Բերձոր՝ Լաչինի միջանցքի հեռանկարի ակնարկով)՝ օգոստոսի 5-ին Ռուսաստանում կայանալիք Պուտին-Էրդողան բանակցություններին ընդառաջ։ Բացի նշվածից՝ մեկ այլ սկզբունքային արձանագրում։ Երբ թուրքական կողմը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման առնչությամբ մշտապես ընդգծում է գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու մասին, սա նշանակում է, որ Բաքուն էլ նաև Երևանի և առհասարակ տարածաշրջանի հետ կապված իր քաղաքականությունն է համակարգում Անկարայի հետ. Այսինքն հերթական անգամ ապացուցուցված կերպով գործ ունենք Թուրքիա-Ադրբեջան միասնական օրակարգի հետ, որի ամենակնճռոտ խնդիրներից մեկը «միջանցքի» հարցն է։

Նման եզրահանգման համար որպես փաստական հիմքեր կարելի է դիտարկել հետևյալ իրողությունները.

1.Ակնհայտ է, որ Աստանայի ձևաչափի շրջանակում Թեհրանում տեղի ունեցած Իրան-Թուրքիա-Ռուսաստան վերջին հանդիպումների ընթացքում ինչպես սիրիական հակամարտության, այնպես էլ  «Զանգեզուրի նախագծի» հետ կապված արձանագրվեցին կողմերի դիրքորոշումների բացահայտ իրարամերժություն, որն առավել ընդգծվեց Իրանի կողմից։ Եվ ներկայում Ռուսաստանի հետ բանակցություններում թուրքական կողմը ծրագրում է «առանձին սակարկությունների» արդյունքում ստանալ որոշակի թյուրքամետ լուծումների հնարավորություն։

  1. Չնայած Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան բանակցությունների հռչակված օրակարգում ներառված են ուկրաինական և սիրիական հակամարտությունները, այնուամենայնիվ, անհնար է, որ «տարածաշրջանային խնդիրներ» ձևակերպման ներքո շրջանցվի հայ-ադրբեջանական թեմատիկան՝ հատկապես վերջին սրացումներից հետո, երբ և՛ Ռուսաստանը՛, և՛ Թուրքիան ունեն հստակ իրավական գործառույթներ ընդհանուր մշտադիտարկման կենտրոնի ձևաչափում արցախյան հակամարտության գոտում իրավիճակը վերահսկելու նպատակով։ Հարկ է նշել, որ առնվազն թուրքական տեղեկատվավերլուծական դաշտում նպատակաուղղված կերպով նախապատրաստվում է նման զարգացումը։
  2. Նաև վերոնշյալի համատեքստում պատահական չեն նախ օգոստոսի 3-ին իրանական թելեգրամ-ալիքներով տարածված տեղեկատվությունը՝ Իրան-Հայաստան սահման զինտեխնիկա տեղափոխելու մասին, ինչպես նաև՝ օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանի կողմից Ադրբեջան-Նախիջևան կապի տրամադրման պատրաստակամության մասին միաժամանակ մի քանի սահմանակետից՝ «միջանցքային» տրամաբանության բացառմամբ։ Այս իրողությունները կարելի է դիտարկել նաև որպես բացահայտ ուղերձ՝ Սոչիի բանակցություններին ընդառաջ, ինչպես նաև օգոստոսի 2-ին տեղի ունեցած Ռուսատան-Հայաստան և Ռուսաստան-Ադրբեջան բարձր մակարդակի հեռախոսազրույցների հավանական բովանդակության տեսանկյունից։
  3. Ադրբեջանը և Թուրքիան նպատակաուղղված կերպով իրականացնում են «Զանգեզուրի միջանցքի» լեգալացման գործընթաց, որի նպատակը միջազգային փաստաթղթերում առայժմ ընդամենը ռազմավարական-քաղաքական նպատակների տիրույթում գտնվող նշված կապուղու վերաբերյալ միջազգային փաստաթղթերում ամրագրումն է։ Այդ մասին հայտարարվում է հատկապես Ադրբեջանի իշխանական վերնախավի գրեթե բոլոր միջազգային հանդիպումներում, իսկ ամենավերջին վավերագրումը տեղի ունեցավ «Տաշքենդի հռչակագրում»՝ Ուզբեկստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակում։

Վերոնշյալի համատեքստում Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված բարդագույն իրավիճակը, ըստ էության, դսրևորում է կանխատեսելի խորացում։ Նման պայմաններում չափազանց կարևոր է ռազմական-անվտանգային տեսանկյունից զգոնությունն ու աչալրջությունը՝ ադրբեջանական շարունակական սադրանքներին հնարավորինս հաջող և անկորուստ դիմագրավելու տեսանկյունից, ինչպես նաև՝ դիվանագիտատական հարթակում ջանքերի բազմապատկում՝ առավելագույն միջազգային համախոհության, ՉԱՓԵԼԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ հասնելու համար։

#հարափոփոխ_տարածաշրջան, #անփոփոխ_հարևաններ»