Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու փորձերն անթույլատրելի են․ Դավիթ Բաբայան

Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջեւ հավասարության նշան դնելու փորձերն անթույլատրելի են:  Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Ավելին, որոշ կազմակերպություններ, հայտարարելով թեժացման անթույլատրելիության և իրավիճակի կայունացման իրենց շահագրգռվածության մասին, չգիտես ինչու փաստորեն հավասարության նշան են դնում ագրեսորի և ագրեսիայի ենթարկված կողմի միջև։ Սա անթույլատրելի է։ Ավելի լավ է, ուրեմն, որ հայտարարություններ չլինեն, քան լինեն հայտարարություններ, որոնք հավասարեցնում են ագրեսիայի զոհին և ագրեսիան սկսած կողմին։ Այս դեպքում դա յուրատեսակ, հատկապես միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, նոր ագրեսիայի լրացուցիչ խթան է։ Արցախն է ենթարկվել ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և ոչ թե Ադրբեջանը՝ մեր կողմից։ Դրա համար հավասարության նշան դնելը ճիշտ չէ թե՛ քաղաքական, թե՛, առավելևս, բարոյական տեսակետից»,-ընդգծել է նախարարը: