Թուրքիան սպառնացել է Հունաստանին՝ կղզիների ռազմականացման պատճառով

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնացել է Հունաստանին «կանխիչ գործողություններով», եթե Աթենքը չկատարի Էգեյան ծովի արևելյան մասի կղզիների ապառազմականացման պահանջները, տեղեկացրել է «Keep Talking, Greece» պարբերականը։
«Մի՞թե մեր քթի տակ զենք տեղադրելը սպառնալիք չէ մեր երկրի համար։ Մի՞թե դա մեզ ինքնապաշտպանության իրավունք չի տալիս»,- պարբերականը մեջբերել է նախարարի խոսքերը։
Աքարը Հունաստանին մեղադրել է Անկարայի հանդեպ «ագրեսիվ հռետորաբանության» մեջ՝ ասելով, որ նրա պաշտպանական բյուջեի հնգակի ավելացումը վկայում է այն մասին, որ երկիրը «ինչ-որ բան է մտածում» Թուրքիայի դեմ։
Թուրք նախարարի խոսքով՝ Հունաստանը անում է «հնարավորը, որպեսզի կանխի Թուրքիային զենքի և ռազմատեխնիկայի, այդ թվում ամերիկյան F-16 կործանիչների և գերմանական սուզանավերի վաճառքը»։
Նա մեղադրել է նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին «ագրեսիվ հռետորաբանություն և ագրեսիվ գործողություններ» օգտագործելու մեջ, որոնք նպատակ ունեն փչացնել «պոտենցիալ դրական մթնոլորտը, որը կարող է ստեղծվել երկու երկրների միջև»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ վերջին ժամանակներս Հունաստանը միտումնավոր խախտում է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, որը թույլ էր տվել գծել Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել թուրք փոքրամասնության իրավունքները Հունաստանում և հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազմականացված կարգավիճակը։
Նա նշել է, որ Անկարան չի կարող հաշտվել նման իրավիճակի հետ, որը «հակասում է բարիդրացիության և պայմանավորվածությունները պահելու» սկզբունքներին»։
Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան պատրաստ է «բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև թուրք ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար»։