Ավետիք Չալաբյանը 3 ամիս ժամկետով կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությանը հանրային մեղադրողն աաջարկեց Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։
Ավետիք Չալաբյանի պաշտպանը նշեց, որ ցանկացած դեպքում խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած։
«Այս պայմաններում դատարանը, երբ քննարկում է խափանման միջոցի հարցը, պետք է անդրադառնա հիմնավոր կասկածին»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ օրենքի հիման վրա ձեռք բերված ապացույց չկա այս գործով։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց 3 ամիս ժամկետով կալանավորել Ավետիք Չալաբյանին:
Հիշեցնենք, որ Ա. Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ից ազատության մեջ է, քանի որ կալանքի ժամկետը լրացել էր։

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացությունն այսպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»: