Դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորությունները դադարել են

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարած։
«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի Վիգենի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է
1. 2022 թվականի օգոստոսի 3-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ, որը ստորագրված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից։
Նշենք, որ Տիգրան Սիմոնյանն արդեն երկրորդ անգամ է հրաժարական տալիս՝ դատավորի պաշտոնից։ Նախկինում նա արդեն մեկ անգամ հրաժարական է տվել դատավորի պաշտոնից, ապա՝ պաշտոնի նշանակվել նախարարությունում՝ որպես փոխնախարար։ Մինչդատական վարույթի կամ այսպես կոչված «կալանքի» դատարանների ստեղծումից հետո Տիգրան Սիմոնյանը «վերադարձել» է Վերաքննիչ քրեական դատարան։
Պաշտոնավարման 10 ամսվա ընթացքում Տիգրան Սիմոնյանն արդեն հասցրել էր «ձեռք բերել» իշխանությունների կամքը դակող, «Արմեն Դանիելյանից ավելի Արմեն Դանիելյան» դատավորի համբավ։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Տիգրան Սիմոնյանն այն դատավորն է, որի վերաբերյալ ամենաշատ հաղորդումներն են ստացվում՝ կարգապահական վարույթի հարուցման համար։ Այս պահին էլ ԲԴԽ-ում քննության փուլում էր գտնվում Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը, որը հարուցվել էր՝ առանց դատական ակտի ՝ քաղվածքի հիման վրա՝ անձին կալանավորելու համար։