Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի ԱՆԱՎԱՐՏ ճանապարհով․ Տիգրան Աբրահամյան

Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որ շրջանակներում քննարկվել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը։ Այս մասին գրում է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

««Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։

Պարզ, մատչելի լեզվով ասած, Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի ԱՆԱՎԱՐՏ ճանապարհով։

Հիշեցնեմ, որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը Լաչինի միջանցքին զուգահեռ նոր՝ 32 կմ-ոց ճանապարհ է կառուցում, որը պետք է սկիզբ առնի ՀՀ Կոռնիձոր գյուղից ու շարունակվի դեպի Շուշիի շրջանի Մեծ շեն, Հինշեն գյուղեր՝ շրջանցելով Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը։

Այս պահին ճանապարհի քիչ հատված է ասֆալտապատված, այսինքն՝ Ադրբեջանը շարժը ուղղորդում է գռունտային՝ անավարտ ճանապարհով։

Ի դեպ, դեպի Կոռնիձոր գնացող հատվածում, որտեղ մոտ 7 կմ հատված զրոյից պետք է ՀՀ կառավարությունը ճանապարհ կառուցի, աշխատանքներ դեռ չեն սկսել, ինչը իրավիճակը նաև այդ առումով է բարդացնում։

Հերթական անգամ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և շանտաժի միջոցով փորձում է հասնել իր հերթական հավակնության բավարարմանը։

Իսկ Հայաստանի իշխանությունն իր դերի մեջ է՝ դիտորդի և գլխով անողի, ով վաղուց համակերպվել է և հանրությանը նախապատրաստել է չդադարող զիջումների»,- գրում է Աբրահամյանը։