Մի հարցում համաձայն եմ պարոն Արշակյանի հետ՝ ընտրողը ժողովուրդն է

Լրագրող Մհեր Արշակյանը երեկ մի հոդված էր հրապարակել «Կոռուպցիան մեր ընտրությունն է» անվանումով:

Նյութի մեջ խոսվում է կոռուպցիան շարունակելու մասին: Կրկին հիշատակվում են նախկին իշխանությունների մասին:

Պետք է հասկանալ, որ կոռուպցիա առկա է բոլոր պետություններում: Չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի: Արդյո՞ք դա լավ է, իհարկե ոչ:

Խնդիրն այն է, որ իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր երկար տարիներ թմբկահարում էին կոռուպցիայի և տարածքների հանձնման մասին: Ոչմիթիզական հակակոռուպցիոներները պարզվեց գնում են հակառակ ճանապարհով:

Սկզբից Ալեքսանդր Սարգսյանի 50-ներ և կարմիր գծեր, որոնք պարզապես հերքվեցին:

Աղքատությունը երկրում աճում է, գնաճը հասել է ամենաբարձր կետերին և այսպես շարունակ…:

Այնուհետև Արցախի հարցը, որտեղ այս իշխանությունը ընդդիմություն եղած ժամանակ հող հանձնողին հողին հանձնելու պատրաստակամություն էր ցուցաբերում, իսկ այժմ հանձնում է մինչև վերջին հողակտորը:

Այս իշխանությունը սկսեց բաժանել լեգիտիմ կաշառք՝ պարգևավճարների տեսքով: Այս իշխանությունը սկսեց հիպերակտիվությամբ մեկ անձից գնումներ անել: Այս իշխանությունը սկսեց կառավարության նիստերին զեկուցվող հարցերի ճնշող մեծամասնությունը գաղտնիության մեջ պահել ու դեռ այսքանից հետո խոսվում է նախկինների մասին:

Լրագրող Արշակյանը միտումնավոր, կամ անկախ իրենից շարունակում է գործող իշխանության թեզերի շրջանառումը, այնինչ իրողության մեջ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունից առավել թալանչի թերևս չկա:

Մենք ապրում ենք միֆերի երկրում: Միֆական հզորություն, միֆական թասիբ, միֆական հզոր գեներալիտետ, միֆական ոչմիթիզականներ: Իսկ միգուցե սկսենք ձերբազատվե՞լ միֆերից ու սկսենք իրերը կոչել իրենց անուններով:

Թերևս մի հարցում համաձայն եմ պարոն Արշակյանի հետ՝ ընտրողը ժողովուրդն է….:

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից