Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանատները կրկնել են ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հետ զրույցի մասին հաղորդագրությունը

Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանատները հարկ են գտել կրկնել ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի զրույցի մասին հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել է Դոնֆրիդի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին, սակայն այսօր ԱՄՆ դեսպանատները կրկին մեկնաբանել են հեռախոսազրույցի բովանդակությունը։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանին ու Ադրբեջանին տրված պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ օգնելու բացել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։ Նա կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը սահմանին և շարունակել երկխոսությունը»,-ասվում է Երևանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Նմանատիպ հաղորդագրություն է տարածել Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։