Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մտադիր է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեային։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին։

«Նախապես այդ հարցը ներառված էր աշխատանքային ծրագրում»,-ասել է նա՝ պատասխանելով Ռաիսիի՝ Նյու Յորք հնարավոր այցի մասին հարցին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ջահրոմիի խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը։ Անցած տարի Ռաիսին ասել էր, որ չի մեկնիՆյու Յորք՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով և միջոցառմանը խոսել է տեսակապի միջոցով։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։