Հանրային հեռուստաընկերությունը դադարեցնում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը

Հանրային հեռուստաընկերությունը դադարեցնում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը։ Այս մասին ասված է հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ։

«Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը,– ասված է հայտարարության մեջ,– այսպիսով, անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով»:

Հանրային հեռուստաընկերությունը միաժամանակ հայտնում է, որ դատարանի այդ որոշման հետ համաձայն չէ, սակայն այլևս չի կարող հեռարձակում իրականացնել:

«Հայտնում ենք, որ Առաջինը կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին»,– հայտարարում է հեռուստաընկերությունը:

Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը շարունակվելու է մալուխային եղանակով և համացանցային տարբեր հարթակներում (www.1lurer.am կայքում, YouTube-յան ալիքում, «ֆեյսբուքում»,Telegram-ում և «Ինսթագրամում»):

Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:

Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչել։

Ս.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:

ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ «Հ2»-ի մտել է ուժի մեջ։

ՀՌՀ–ն առաջիկայում ստիպված է լինելու նոր մրցույթ անցկացնել։