Արդեն հստակ է, որ պատրաստված է այսպես կոչուած ոչ ցանկալի մարդկանց ցուցակ․ հայտարարություն

Նիդեռնալնդների ՀՅԴ երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց մի քանի ժամ անց դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը հայրենիք։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն։

«Արդեն հստակ է, որ պատրաստված է այսպես կոչուած ոչ ցանկալի մարդկանց ցուցակ: Եվ ինչպես մեր նախորդ հայտարարություններում ընդգծել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ը տերը չէ իր կոչումին և հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումներին,
Իրավական և հնարավոր բոլոր միջոցներով պիտի պայքարենք հայրենազրկության այս քստմնելի արշավին դեմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման տերերը,  մանավանդ երբ կմտածեն այս միջոցով ճնշել ու լռեցնել ի խնդիր համազգային մեր Դատի, ի խնդիր Հայաստանի և Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրյալ գործիչներին:

Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչև ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է իշխանության հայտնված ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանի հեռացումը»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ։