Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտարարել է, որ Սաակաշվիլին հեռանում է վրացական քաղաքականությունից, գրում է «Նովոստի Գրուզիան»։

«Օրակարգի գլխավոր խնդիր է դարձել նրա կյանքի պահպանումը, գոյատեւումը։ Սրանից ելնելով՝ հանվել են մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքականությունը։

Նա ընդհանրապես հեռանում է վրացական քաղաքականությունից, ոչ միայն «Ազգային շարժումից», այլեւ վրացական քաղաքականությունից։

Հիմա սա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե՝ քաղաքականության։ Հասկանալի է, որ առաջադրանքը բոլորովին այլ է, քան այն, ինչ եղել է մինչեւ ժամանելը (Վրաստան)»,- նրա խոսքերն է մեջբերում ԶԼՄ-ն։

Գելբախիանին նախկինում եղել է Սաակաշվիլիի հակառակորդը եւ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի համախոհը։ Վրաստանի վեցերորդ գումարման խորհրդարանում (2004-2008 թթ.) նա գլխավորել է ընդդիմադիր «Մեր Վրաստանը» խմբակցությունը։ 2019 թվականից Սաակաշվիլին Գելբախիանիին եւ մի քանի այլ նախկին հակառակորդների հրավիրել է Կիեւում գտնվող իր տուն։ Այնտեղ քաղաքական գործիչները հաշտվել են ու հայտարարել «ընդհանուր ուժերով վրաց ժողովրդի բարօրության համար պայքարելու» մտադրության մասին։