Անվտանգություն․ Հայ-թուրք-ադրբեջանական հարաբերություններ, սահմանների շուրջ զարգացումներ․ շաբաթվա ամփոփում․ «Հենակետ»

 «Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների, սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին ընդհանուր բնույթի տեղեկությունները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին, նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը ՀՀ սահմանամերձ շրջաններից։

«Ուրախ եմ տեսնել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաքրքրված է Հարավային Կովկասի խնդիրներով և կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ գերիներին։ ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը ՀՀ սահմանամերձ շրջաններից, սա կնպաստի խաղաղ գործընթացին»,-գրել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը հիստերիա է բարձրացրել ադրբեջանական տիրույթում։ Պատճառն այն է, որ Պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի ներկայացուցիչների մասնակցությամբ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման թեման։

Ադրբեջանական haqqin.az-ը պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը որակել է ապատեղեկատվություն՝ նշելով, թե իրենց դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Մինսկի խմբի մասին չի հիշատակվել։ Ադրբեջանական քարոզչամեքենայի նշված խոսափողը Պետքարտուղարության հաղորդագրությունը անվանել է «չափազանց անտեղի և անպատասխանատու»։

Բլինքենի հետ հեռախոսազրույցում Ալիևը հայտնել է նաև, որ Ադրբեջանն արդեն ձեւավորել է Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագիրը» նախապատրաստող հանձնաժողովի կազմը, նշելով, թե սպասում են Հայաստանի համարժեք քայլին։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում շարունակում են աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը՝ հանուն երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության:

Լրագրողի դիտարկմանը, որ ի տարբերություն պետդեպի, որն իր հայտարարությունների մեջ շարունակաբար հիշատակում է խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ մարմնի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին, Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է այն, Փրայսը պատասխանել է. «Մենք մեր հայտարարությունների մեջ հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձևաչափով, որն արդյունավետ կլինի: Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, մենք նաև ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:

ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Արևմուտքը ցանկանում է դուրս թողնել Ռուսաստանին Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից, նշել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու կողմնակից է և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ:

Խոսնակն ի պատասխան վերահաստատել է Մոսկվայի այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների համապատասխան:

«Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների՝ գործընթացին միանալուն, եթե նրանք գործում են հիշատակված պայմանավորվածությունների հունի մեջ և նպաստում են դրանց իրագործմանը: Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակում և թաքուն խաղեր՝ ինչ-որ մեկին թուլացնելու, «անիվների մեջ փայտիկներ դնելու» նպատակով», – ասել է Իվան Նեչաևը:

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստը, որի ավարտին կուսակցության խոսնակ Օմեր Չլիքը ասուլիս է տվել՝ անդրադառնալով նաև Հայաստանին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին։

«Քանի դեռ Հայաստանը պահում է իր խոսքը, բանակցությունների անցկացումը կարևոր է, քանի որ այն կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը»,-հայտնել է Չելիքը՝ կրկնելով, որ գործընթացն ընթանում է Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնությամբ ու համակարգմամբ։

Հիշեցնելով սույն թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Չելիքը հայտնել է, որ կան նաև հարցեր, որոնք քննարկելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Նրա խոսքով՝ այդ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում դրանք կնպաստեն գործընթացի առաջխաղացմանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանները:

«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս:

Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն՝ ձեռնպահ մնալով հստակ ժամկետներ նշելուց։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Արմենպրեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով:

Ըստ նրա՝ Հայաստանը մի քանի այլ առաջարկներ եւս արել է, եւ մեծապես շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը, Արմեն Գրիգորյանի խոսքով, «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է:

«Իհարկե՝ նախագծի արևելք-արևմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը եւ մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը:

Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում եւ տրամադրված ենք շարունակել նույն ոգով»,- հայտարարել է Արմեն Գրիգորյանը։

Հարցազրույցի ընթացքում ԱԽՔ-ը նշել է, որ կա գաղափար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման:

«Բայց այս պահին վաղ է որևէ նման բանաձևի մասին խոսելը»,- նշել է նա: Ինչ վերաբերում է ԼՂ հայության անվտանգության երաշխիքներին, ապա Ա.Գրիգորյանը հայտարարել է, թե կա միջազգային երաշխիք, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է:

Այլ թեմաներ

Շաբաթվա սկզբից մսկսած մեկնարկել են Ճակատենից դեպի Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ 7,5 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:

Նշենք, որ խոսքը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մասին է։

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա սկզբնամասում ՊՆ-ից տեղեկանում ենք, որ հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

Հայաստանի ՊՆ-ն հերքել է նաև Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է ադրբեջանական դիրքերը:

Նշենք, որ հուլիսի 26-ին ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ԶՈՒ-ն գնդակոծել են ադրբեջանական դիրքերը:

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան։