«Փարոս» հիմնադրամը Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում նորոգում է տիրազուրկ բնակարաններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին և հիմնադրամի անդամներին։

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո հիմնադրամը Արցախում և Հայաստանի հատկապես սահմանամերձ բնակավայրերում նորոգում է տիրազուրկ բնակարաններ և հանձնում նոր տերերին։ 2021 թվականից «Փարոս» հիմնադրամը ամերիկացի բարեգործների ֆինանսական աջակցության շնորհիվ «Արցախցիների վերաբնակեցում» ծրագրի շրջանակներում աշխատանքներ է իրականացնում նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում։

Մեծ Մասրիկ բնակավայրում հիմնադրամի միջոցների հաշվին գնվել են 10 տիրազուրկ բնակարաններ, որոնցից 7-ը վերանորոգել, կահավորել, հիմնադրամի համագործակից կազմակերպությունների աջակցությամբ կառուցվել են անասնագոմ, տրամադրվել անասուններ, որպեսզի սահմանամերձ բնակավայրում հիմնական բնակություն հաստատեն արցախից տեղափոխված, բնակարան, հողատարածք կորցրած ընտանիքները։ Մնացած երեք բնակարանների հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են և առաջիկայում կհանձնվեն նոր տերերին։

Հիմնադրամը մեկ այլ ծրագրով Մեծ Մասրիկ և Ակունք գյուղերում հիմնանորոգում է բուժկետեր, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ գույք և սարքավորումներ։

Համագործակցված աշխատանք իրականացնելու համար մարզպետարանում կկազմվի սահմանամերձ բնակավայրերում խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերի ցանկ և կներկայացվի հիմնադրամին՝ համատեղ քննարկելու և լուծումներ տալու նպատակով։